ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում է գտնվում, և նրա առողջական վիճակը բավականին խնդրահարույց է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա դաշինքի մյուս պատգամավորների հետ գործընկերոջն այցի է գնացել։
«Կալանավորման ընթացքում Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատացել է։ Նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանավորման հետ։ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելով՝ փորձում են ճնշել քաղաքական ընդդիմախոսներին։ Իշխանությունը փորձում է ցույց տալ իր մանդատի ուժ կոչվածը, և դա ոչ թե ի շահ ժողովրդի, այլ իրենց նեղ քաղաքական խմբակի շահերի։ Սա նաև խոսքի նկատմամբ տեռոր է։ Սա միակ դեպքը չէ։ Սա իշխանությունների քաղաքական ուղեգիծն է։ Իշխանությունը երկրում բռնապետություն է հաստատում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը՝ նշելով, որ պատգամավորին սահմանադրությամբ անձեռնմխելիությունից զրկելու հստակ կարգ կա, որը չի պահպանվել։
Խոսելով ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների գունագեղ տոնակատարության անցկացման մասին՝ Թադևոս Ավետիսյանը կարևորեց այդ օրը ռազմական շքերթի անցկացումը։
«Մենք թշնամիներով շրջապատված երկիր ենք, և մեր Անկախության տոնին չպետք է գունագեղություն, խորովածի տեսարաններ ցույց տանք։ Պետք է ցուցադրենք մեր կամքը։ Վարչապետի հայտարարած գունագեղ տոնակատարության անցկացումը մտահոգիչ է, քանի որ բազմաթիվ զոհեր ունենք։ Փաստորեն, մարդկանց սիրտը ուրախություն է ուզում, բայց այն չի կարող ընդունելի լինել։ Այո, անկախության տոնը պետք է նշվի, բայց դա պետք է կարևորվի»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։
Ըստ «Հայաստան» դաշինքի պատգամավորի՝ իշխանությունը նման միջոցառումներով և հայտարարություններով փորձում է կեղծ օրակարգ ձևավորել՝ շրջանցելով կարևոր հարցերի պատասխանելուց։
Նա անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե Էրդողանի հայտարարություններում հարաբերությունների կարգավորման հնարավորություն է տեսնում։
Մանրամասները՝ տեսանյութում։