Կրքերը Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված համերգային ծրագրի շուրջ չեն հանդարտվում։ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ու հարազատներն առաջարկում են Հանրապետության հրապարակի փոխարեն Անկախության 30-ամյա հոբելյանի առիթով հավաքվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Տոնակատարություն չանցկացնելու առաջարկով ֆեյսբուքյան ֆլեշմոբ կազմակերպվեց։ Արդեն սեպտեմբերի 18-ից նախատեսվում են փողոցային ակցիաներ՝ Անկախության օրվա տոնական միջոցառումը չեղարկելու պահաջով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստին հայտնել էր, որ տոնը կնշվի «գունագեղ միջոցառմամբ»։ Նա նշել էր, որ սեպտեմբերի 21-ին կտոնվի ՀՀ անվտանգությունը, ինքնիշխանությունն ու այն հայորդիների հիշատակը, որոնք զոհվել են հայրենիքի համար։ Վարչապետի ելույթից հետո էլ կրքերը բորբոքվեցին։
Թեմայի մասին Armenia Today-ը զրուցեց իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ։
«Շատ բնական եմ համարում այն միջոցառումը, որը գործող իշխանությունները նախաձեռնել են սեպտեմբերի 21-ին։ Անձամբ ես համարում եմ նրանց բարոյական սահմաններ չունեցող մարդիկ։ Եվ բարոյական սահմաններ չունեցող մարդկանց բնորոշ ձևով նրանք այդպիսի սրբապղծություն են նախաձեռնում»,- ասաց Մելիքյանն ու հավելեց, որ իր համար այդ վարքագիծը տարօրինակ չէ։
Իրավապաշտպանը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ միջոցառման անցկացման դեմ բողոքի գործողություններին։
«Ես պետք է ծանոթանամ, թե ովքեր են դրանք կազմակերպել, ի՞նչ նպատակ և բովանդակություն ունեն և ամենևին չեմ բացառում, որ ինքս էլ ակտիվորեն մասնակցեմ»,- նշեց նա։
Մեր հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք այդպիսի միջոցառման անհրաժեշտություն, նա պատասխանեց, որ այդպիսի ռեակցիան շատ բնական է, սակայն ամեն ինչ չէ, որ այդ օրը թույլատրելի է՝ անգամ որպես բողոքի ակցիա։
«Հատկապես ուշադիր եմ լինելու զոհվածների հարազատների կողմից նախաձեռնված բողոքի ակցիաներին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ ԶԼՄ-ում շրջանառվում են լուրեր, որ Անկախության տոնը նշելու համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ դրամ՝ 2 մլն դոլար,որը ծախսելու համար մրցույթ չի հայտարարվել։
Ըստ այդ տեղեկությունների՝ գործարքը կառավարությունը ձևակերպել է որպես հրատապ և իրականացնում է մեկ անձից՝ առանց մրցույթի։
Արաքսյա Սնխչյան