Սերժ Սարգսյանի դեմ երեկվա արշավն առօրյա խնդիրներից ուշադրությունը շեղելու և Խաչատուր Սուքիասյանի՝ դատարանում հետագա պարտությունը մեղմելու համար է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանն ասաց, որ երեկ մամուլում լուրեր տարածեցին, թե Սերժ Սարգսյանն Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդող օրերին եղել է Բադեն Բադեն քաղաքում, սակայն դա արագ հերքեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ նա եղել է Գերմանիայի Դաշնությունում և կարևոր հանդիպումներ ունեցել, որոնք բխել են Հայաստանի Հանրապետության շահերից։
«Երբ արշավին օրվա վերջ միացան նիկոլական քարոզչամեքենայի այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են «Ազատությունը», «Հանրայինը», ես հասկացա, որ մենք ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է կապիտուլյացիայի նոր փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում կամ պայմանավորվածություն, ինչի մասին երեկոյան էքսկլյուզիվ նյութ եղավ «Հրապարակ»-ում, որը վերաբերում էր խաղաղության համաձայնագրին, ինչը, պատերազմից բացի, ոչինչ չի բերի մեր երկրին»,- ասաց Մամիջանյանը։
Վերջինս հիշատակեց նաև ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննիսյանի մասին։ Նա, Մամիջանյանի խոսքով, այս երկրում ամեն ինչի մասնագետ է։ Եվ եթե սիրում է հետաքննություններ անցկացնել, ապա Մամիջանյանը նրան խորհուրդ է տալիս հետաքննել, թե «ինչպես ստացվեց, որ Փաշինյանն իրեն սպասարկելու համար երկու շքեղ բարձր դասի «Մերսեդես» ձեռք բերեց, ահռելի գումարներ ծախսեց պետբյուջեից, որպեսզի վերանորոգի պետական ամառանոցը։