Armenian Business Forum 2021-ի շրջանակներում իրականցվող ֆորումի ժամանակ ելույթով է հանդես եկել նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նա Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքներին կոչ է արել ներդրումներ կատարել ոչ թե հիմնադրամներում, այլ երկրի տնտեսության մեջ։
«Մեզ համար հատկապես հաճելի է, որ ֆորումի գործընկեր երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք ուրախ ենք, որ կարևորում եք Հայաստանի առաջին (հուսով եմ՝ հետագայում գլխավոր) գործարար ֆորումը»,- նշել է Սամվել Կարապետյանը՝ դիմելով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։
Նա հայտնել է, որ մասնակիցների համար միայն լավ նորություններ ունի:
«Մենք այսօր չենք հայտարարելու նոր հիմնադրամների ստեղծման մասին և կոչ չենք անելու Ձեզ միջոցներ փոխանցել այդ հիմնադրամներին: Մենք կոչ ենք անելու արդյունավետ ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ»,- ասել է նա:
Սամվել Կարապետյանը նկատել է, որ չնայած վերջին տարիների դժվարություններին՝ Հայաստանը շարունակում է բիզնեսի համար բարենպաստ երկիր լինել, հատկապես՝ ռուսաստանյան գործարարների համար:
«Հայաստանի տնտեսությունը բաց է սերտ համագործակցության համար՝ շնորհիվ մեր ժողովուրդների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների:
Հայ գործարարների ասոցիացիան կազմակերպել է այս ֆորումը, որի նպատակներն են՝
1. Հայաստանի տնտեսության զարգացում ՝ ներդրումների միջոցով,
2. տարբեր երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների միջև ավելի սերտ տնտեսական համագործակության հաստատում,
3. նոր մակարդակի երկխոսության ձևավորում և ամբողջ աշխարհով հայ գործարար համայնքի միավորում,
4. երիտասարդական գործարարության խթանում և աջակցություն»:
Նա ընդգծել է, որ Հայաստանում ռեալ ներդրումներ ներգրավելու համար կարևոր է բազմակողմանի աշխատել ներդրումային կլիմայի բարելավման ուղղությամբ:
Պետությունն իր հերթին պետք է բիզնեսի համար այնպիսի պայմաններ ստեղծի, որոնց առկայության դեպքում այն առավել հարմար ու արդյունավետ կգործի:
«Բիզնես համայնքին դիմելիս ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ այսօր Հայաստանում արտահանողների բարենպաստ օրենսդրական դաշտ է ստեղծվել։ Այն լայն դռներ է բացում այստեղ բիզնես վարելու տեսանկյունից:
Քանի որ Հայաստանի ներքին շուկան սահմանափակ է, անհրաժեշտ է այն ինտեգրել ավելի մեծ միջազգային շուկաներին, որոնցից ամենակարևորը ռուսականն է։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ ներդրողը մեծ արտահանման հնարավորություններով»,- նշել է նա։
Ռուսաց լեզվի դերը որպես Հայաստանի և Ռուսաստանի ինտեգրման կարևորագույն գործոն
Կարապետյանը հատուկ ընդգծել է ռուսաց լեզվի դերը՝ որպես ինտեգրման կարևորագույն գործոն երկու երկրների միջև:
«Ռուսաստանը և Հայաստանը կապված են մշակութային, հոգևոր, պատմական ու տնտեսական երկարամյա սերտ կապերով, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը»:
Գործարարի կարծիքով՝ հայկական շուկան ռուսական բիզնեսի համար ավելի գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել ռուսաց լեզվի՝ պետական մակարդակով ուսուցումը:
«Կցանկանայի մասնավորապես հրավիրել Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրությունը այս հարցին: Նախևառաջ խոսքը դպրոցներում և այլ կրթական հաստատություններում ռուսերենի պարտադիր ուսուցման մասին է»,- ասել է նա:
Ներդրումների ներգրավումը՝ որպես կայուն տնտեսական աճի գործոն
«Մենք գիտակցում ենք պահի լրջությունը և հասկանում, որ ապագա կայուն տնտեսական աճի ապահովման համար պետք է աշխատել հենց հիմա, հենց այսօր, գործնական կոնկրետ քայլերով:
Դիմում եմ ձեզ և ողջ հայ բիզնես համայնքին. եկեք համախմբենք մեր ջանքերը Հայաստանի շուրջ։ Հայերը հսկայական պոտենցիալ ունեցող ժողովուրդ են, և մեր խնդիրն է համախմբել մեր ռեսուրսները մեր երկրի կայուն ապագայի համար»,- նշել է Սամվել Կարապետյանը։
Այդ նպատակով նա ներկայացրել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջիկա հինգ տարվա ներդրումային ծրագիրը՝ նշելով, որ առաջինն Էներգետիկայի ոլորտն է։
600 մլն դոլարի ներդրում էներգետիկայի ոլորտում
«Էներգետիկան ցանկացած երկրի տնտեսության կայուն գործունեության հիմքն է: Հայաստանի դեպքում սա կրկնակի կարևոր է: Հայաստանի էներեգետիկ անվտանգության ապահովման, այդ թվում՝ նոր արտադրական հզորությունների ստեղծման և էլեկտրական ցանցերի արդիականացման համար մենք պլանավորում ենք ներդնել մինչև 600 միլիոն ԱՄՆ դոլար»:
50 մլն դոլարի ներդրում արտադրության ոլորտում
Երկրորդ կարևոր ուղղությունն, ըստ նրա, արտադրությունն է։
«Տնտեսության կայուն զարգացումը անհնար է առանց արտադրական հզորությունների զարգացման, այդ թվում՝ այդ ոլորտում նոր ինովացիոն որոշումների կիրառմամբ»,- կարծում է Կարապետյանը:
Նա համոզված է, որ նոր հզորությունների զարգացումն ամբողջ տնտեսության շարժիչ ուժն է։ Այն մեծացնում է արտահանման պոտենցիալը, երկրի բնակչությանն ապահովում աշխատատեղերով։
Այս նպատակների համար, նրա խոսքով, հատկացվելու է ընդհանուր 50 միլիոն ԱՄՆ դոլար:
50 մլն դոլարի ներդրում զբոսաշրջության զարգացման ոլորտում
«Տաշիր» ընկերությունների խմբի համար երրորդ կարևոր ուղղությունը տուրիզմի ոլորտն է։
«Տուրիզմի ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում: Հայաստանը յուրահատուկ տուրիզմի երկիր է զարգացման մեծ պոտենցիալով:
Այդ նպատակների համար մենք կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար»,- նշել է գործարարը։
Երիտասարդական գործարարության խթանում
«Կարևոր է չանտեսել նաև մեր երիտասարդ սերնդի նախաձեռնությունների աջակցությունը։ Այդ ծրագրերին կտրամադրենք մոտ 30 մլն դոլար»,- նշել է նա։
50 մլն դոլարի ներդրում Արցախի զարգացման ծրագրերում
«Հայաստանը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախի:
Մեր խնդիրն է՝ ապահովել կայուն և անվտանգ ապագա Արցախի համար:
Մենք միշտ հատուկ ուշադրություն ենք ունեցել Արցախի ժողովրդի նկատմամբ, այդպես կշարունակենք նաև ապագայում:
Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման և Արցախի ժողովրդի բարեկեցությանն ուղղված ծրագրերի իրականացման համար կհատկացնենք մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար»,- նշել է Սամվել Կարապետյանը:
Ամփոփելով՝ Կարապետյանը նշել է, որ ցանկանում է հավատալ, որ մոտ ապագայում կլինեն նոր ծրագրեր և բիզնես-նախաձեռնություններ։ «Համոզված եմ, որ հնարավորությունների ստեղծումը մեր ձեռքերում է։ Հնարավորություններ, որոնք Հայաստանը կդարձնեն ուժեղ երկիր և կապացուցեն ամբողջ աշխարհին, որ մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում», – եզրափակել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը։