Իրանի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, ասել է նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում:
Ինչպես հայտնում է ТАСС -ը, Ռայիսին ասել է, որ «Իրանի քաղաքականությունն ուղղված է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը»:
«Եթե չլինեին Իրանի ջանքերը, այդ դեպքում ԴԱԻՇ-ը կհասներ Միջերկրական ծով և Եվրոպա»,- ասել է նա:
Ռայիսին նաև ասել է՝ Թեհրանն ակնկալում է, որ միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացը կհանգեցնի այդ երկրի դեմ պատժամիջոցների վերացմանը: «Իրանը կարծում է, որ բանակցություններն օգտակար գործիք են, որոնք, ի վերջո, կհանգեցնեն բոլոր պատժամիջոցների չեղարկմանը»,- գործակալությունը մեջբերում է Ռայիսիի խոսքերը:
Նախագահը հավելել է, որ «միջուկային զենքը տեղ չունի Թեհրանի պաշտպանական դոկտրինում»:
Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ միջուկային գործարքի ամբողջական գործողությունը վերականգնելու բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում:
Ապրիլից Վիեննայում իրանական միջուկային համաձայնագիրը սկզբնական տեսքով վերականգնելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում Իրանի և միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) միջև: