Վրաստանի իշխանությունները ծրագրում են հարթակ ստեղծել Բաքվի և Երևանի միջև բարձր մակարդակի բանակցությունների համար։ Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնել է «Սպուտնիկ Գռուզիա»-ն։
Նա հիշեցրեց, որ Վրաստանը հունիսին նպաստեց 15 գերեվարված հայ զինծառայողների ազատ արձակմանը, ինչպես նաև Ղարաբաղում ականապատ դաշտերի քարտեզի փոխանցմանը Ադրբեջանին:
«Այս գործընթացն ավելի բարձր մակարդակով շարունակելու համար մենք առաջարկում ենք միջնորդություն մեր եղբայրական պետություններին՝ ադրբեջանցի և հայ եղբայրներին, այն հարթակի միջոցով, որը մենք մտադիր ենք ստեղծել Թբիլիսիում, որպեսզի այս նախաձեռնությունը մնայուն դառնա»,- հավելեց վարչապետը:
Ավելի վաղ, Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, առաջարկել էր ստեղծել «հարևանության խաղաղ նախաձեռնություն» Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: