Ամերիկյան «Columbus Crew» ակումբի 29-ամյա կիսապաշտպան Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի և Լուկաս Սելարայանի բանակցությունների արդյունքում վերջինը հոկտեմբերյան հավաքի ժամանակ կմիանա ազգային հավաքականին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի հավաքականի գույները պաշտպանելու որոշում կայացնելով՝ Լուկաս Սելարայանը ՀՖՖ պաշտոնական կայքին տվել է առաջին մեկնաբանությունները.
«Ես կայացրեցի ինձ համար ամենակարևոր որոշումը՝ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Այս որոշումը ինձ չտրվեց մեկ օրում: Սա մտածված քայլ է: Անցած տարվա ընթացքում ես մի քանի անգամ զրուցել եմ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ինչպես նաև թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ: Նրանք երկուսն էլ ինձ ներկայացրել են ֆեդերացիայի նախագծերը: Ես գիտեի իմ հայկական արմատների մասին, բայց սերտ կապեր չունեի Արգենտինայի հայ համայնքի հետ: Ահա թե ինչու ինձ ժամանակ էր պետք նման կարևոր որոշում կայացնելու համար: Սեպտեմբերին ընտանիքիս հետ քննարկումից հետո որոշեցի միանալ Հայաստանի ազգային հավաքականին:
Հիմա ես շատ ուրախ եմ, որ միացել եմ Հայաստանի հավաքականին: Գիտեմ, որ թիմն իր առջև լուրջ խնդիրներ է դնում: Ես պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի միասին հասնենք մեր նպատակներին: Ես ուրախ եմ Հայաստան գալու այս վճռական փուլում, և հույս ունեմ, որ ազգային հավաքականի հետ կհասնենք նոր բարձունքների», – ասել է նա:
Լուկաս Սելարայանը ծնվել է 1992 թվականին Կորդովա քաղաքում (Արգենտինա): Ֆուտբոլային կարիերան նա սկսել է արգենտինական Belgrano ակումբում, որտեղ հանդես է եկել 2012-2015 թվականներին: 2016-2020 թվականներին խաղացել է մեքսիկական «Տիգրես» ակումբում: 2020 թվականի հունվարից Columbus Crew ամերիկյան ակումբում է:
Նա հարձակողական ոճի կիսապաշտպան է: