Ադրբեջանի տնտեսությունը հաղթահարել է համաճարակի պատճառած ճգնաժամի հետևանքները, կիրակի օրը հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջան կատարած այցի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր Ադրբեջանի տնտեսությունը վերականգնվել է համաճարակի ճգնաժամից հետո։ Անցած ինը ամիսների ցուցանիշները դրական են. տնտեսությունն աճել է մոտ 5 տոկոսով, աճել է արդյունաբերությունը։ Ոչ նավթային արդյունաբերությունն իր հերթին աճել է գրեթե 20 տոկոսով»,- Ալիևի խոսքերն է մեջբերում АзерТАдж գործակալությունը։
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրի ՀՆԱ-ն կազմել է շուրջ 62,88 մլրդ մանաթ (մոտ 37 մլրդ դոլար)՝ տարեսկզբից ավելանալով 4,8 տոկոսով: Ընդ որում, տարեսկզբից ադրբեջանական տնտեսության նավթային հատվածն աճել է 1,4 տոկոսով, իսկ ոչ նավթային հատվածը՝ 6,2 տոկոսով: