Վրաստանի իշխանությունները որոշել են արտաքսել երկիր ժամանած ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնին: TASS-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողը հայտնել է «Ուկրաինա-24» հեռուստաալիքի ուղիղ եթերում:
«Ինձ պարզապես փաստի առաջ կանգնեցրին Թբիլիսիի օդանավակայանում՝ չնշելով մուտքի արգելքի պատճառները»,- նշել է Գորդոնը:
Նրա խոսքով՝ վրացական կողմը խոստացել է 10 օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Ուկրաինայի դեսպանատանը մուտքի արգելքի պատճառի մասին: Գորդոնը նշել է, որ Վրաստան էր ուղևորվում երկրի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի հետ հարցազրույցի համար:
Երեքշաբթի Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովցին նույնպես առանց բացատրության թույլ չեն տվել Վրաստան ժամանել Թբիլիսիի օդանավակայան ժամանելուց հետո։ Նրան ձերբակալել են և ուղարկել Կիև։ Սաակաշվիլին Վրաստանը գլխավորել է 2004 թվականի հունվարից մինչև 2013 թվականի նոյեմբեր։ Նա երկիրը լքել է իր լիազորությունների ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ: Դրանից անմիջապես հետո նրա նկատմամբ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսով արդեն կայացվել են որոշումներ. դատարանը հեռակա կարգով նրան դատապարտել է երեք տարվա ազատազրկման։ Սաակաշվիլին ապրում էր Ուկրաինայում, ունի Ուկրաինայի քաղաքացիություն։