Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» և դրան կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը:
Առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար տաքսիներով ուղեւորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա, որի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200.000 դրամ:
Բացի աս, նա փոխնախարարը հավելեց, որ սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները:
«Կանոնակարգվում է օդանավակայանների տարածքում մարդատար տաքսիների փոխադրումների գործընթացը: Խախտումների դեպքում սահմանվում է վարչական տույժ»,- ասաց նա։
ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նկատեց, թե օդանավակայանի տարածքը հանրային է, ինչո՞ւ է տաքսու վարորդն այդտեղ կայանելու համար 2 մլն դրամ վճարում։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնության նպատակն է օդանավակայանի տաքսի ծառայություններ մատուցող մեքենաների շարժը կարգավորել և զբոսաշրջիկներին զերծ պահել հնարավոր խաբեությունից: