Լոնդոնի Christie’s աճուրդի տան աճուրդում 862 500 ֆունտ սթեռլինգով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Սև ծովի Գենուեզյան աշտարակները» կտավը։ 862 500 ֆունտ սթեռլինգը համարժեք է 1 մլն եվրոյին։ Այս մասին հաղորդում է iz.ru-ն։ Աճուրդը կազմակերպվել է ռուսական շաբաթվա շրջանակներում։ Forbes.ru-ն նշում է, որ կտավն ի սկզբանե 700-900 հազար ֆունտ սթեռլինգ էր գնահատվում։
Կտավի վրա պատկերված է Թեոդոսիայի ամրոցի մոտ գտնվող ափի գիշերային տեսարանը։ Այվազովսկին ապրել է այնտեղ։ Այվազովսկու կտավը նվիրված է Թեոդոսիային։
Գնորդի անունը չի բացահայտվում։ Արվեստագիտության թեկնածու Սերգեյ Ուվարովի խոսքով՝ սակարկությունների արդյունքները վկայում են, որ արտերկրում Այվազովսկու աշխատանքի պահանջարկը մնում է կայուն՝ անկախ որևէ ճգնաժամի: Այդուհանդերձ, 1 մլն եվրոն համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարչի կտավների համար ռեկորդ չէ։