Ադրբեջանցի զինծառայողները պետք է դուրս գան ՀՀ տարածքից, և որքան շուտ՝ այնքան լավ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա խուսափեց Իշխանասարի վերաբերյալ հարցադրումից․ «Եկեք չխոսենք այս մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը»։
Նա շեշտեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել։
Անդրադառնալով եռակողմ հանդիպմանը՝ նա ընդգծեց․ «Հանդիպմանը միջանցքի օրակարգ չկար, ինչից զարմացան նաև այն ուժերը, որոնք սպասում էին այդ ձևակերպմանը»։
Հիշեցնենք, որ այսօր տարածվել էր տեղեկություն, որ թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից: Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել, ոչ հերքել էին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացավ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել։ Հայտարարությամբ ընդգծվել է սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին։