Մոսկվայում այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից:
Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ փոխվարչապետի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում կլինի դեկտեմբերի 1-3-ը:
Մհեր Գրիգորյանը կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին, Երկրորդ Եվրասիական համագումարին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել էին նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Սահմանազատման և սահմանագծման մեխանիզմների վերաբերյալ երկու պետությունների միջև նախատեսվում է ստեղծել հանձնաժողով մինչև տարվա վերջ: