Հայաստանի քաղաքացիները չեն թերագնահատում ժողովրդի կառավարման արժեքը։ Մենք դրա համար պայքարել ենք մեր նորագույն պատմության ընթացքում։ 1991-ին քվեարկելով անկախության օգտին՝ մենք նաև վերականգնեցինք բազմակուսակցական համակարգը և քաղաքական իրավունքների շրջանակը, որը կոչված է հզորացնել անհատ քաղաքացուն: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց անցկացվող «Հանուն ժողովրդավարության» համաժողովին։
«Վերջին երեք տարիների ընթացքում հայերը երկու անգամ նախընտրել են ժողովրդավարությունն ավտորիտարիզմից: Առաջինը տեղի է ունեցել 2018 թվականին՝ ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ազատ ու արդար արտահերթ ընտրությունները։ Երկրորդը տեղի ունեցավ 2021 թվականին՝ ավերիչ պատերազմից հետո։ Հայերը կրկին գնացին ընտրության, որպեսզի մենք չվերադառնանք անցյալի ճանապարհներին։ Իսկապես, ժողովրդավարությունը մշտական աշխատանք է, որն ընթացքի մեջ է:
Մենք հանձնառու ենք Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման միջոցով: Առաջ բերելով թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ մենք ծրագրում ենք կառավարման բարեփոխումներ և այնպիսի քաղաքականությունների իրականացում, որոնք կձևավորեն հավատ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների շրջանակներում։ Մինչև 2026 թվականը մենք նպատակ ունենք հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Կառավարման համաշխարհային ցուցիչի 50 միավորից հասնել 60-ի, և Թրանսփարենսի Ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման ինդեքսի 49 միավորից՝ 60-ի»,-նշել է վարչապետը։