Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարան և Երևանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման համար հատուկ բանագնացներ նշանակել։ Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ստացվում է, որ Թուրքիայի՝ միջանցքի հարցը որպես նախապայման առաջադրելու պայմաններում Հայաստանը գործընթաց է սկսել։ ՀՀ-ից դեռևս պաշտոնական պարզաբանումներ այս հարցի շուրջ չի տրվել, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ մշտապես թուրքական կողմից են ստացվում, ապա բանագնացների նշանակման և կուլիսային պայմանավորվածությունների թեման լրիվ հավանական է թվում։
Պատգամավորը հիշեցրել է, որ ամիսներ առաջ Էրդողանը տեղեկացրել էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը դրական ազդակներ է փոխանցել։
Ի դեպ, մի քանի շաբաթ առաջ ՀՀ ԱԳ նախարարը խոստովանել էր, որ իշխանության դրական քարոզչության շրջանակներում ներկայացվող հայ-թուրքական գործընթացում Թուրքիան միջանցքի հարցը որպես նախապայման է ներկայացնում։
Հերթական փակ, գաղտնի բնույթի գործընթացը քողազրկվեց, որի ավերիչ հետևանքներն ամբողջությամբ դեռևս դժվար է գնահատել։