Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար 2021 թվականը բավական ակտիվ տարի է եղել, թեպետ թվային ցուցանիշները գոհացնող չեն, եթե դրանք համեմատում ենք 2019 թվականի ու դրան նախորդող տարիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Խաչատրյանն՝ ամփոփելով 2021 թվականի արդյունքները:
«Այս տարվա տվյալները դեռ վերջնական ամփոփված չեն, սակայն նոյեմբերի հաշվարկներով ունեցել ենք 816 հազար ներգնա զբոսաշրջիկ: Կարծում եմ, դեկտեմբերի տվյալներն ամփոփելով, մենք 900 հազարի շեմը կանցնենք: Եթե համեմատենք 2020 թվականի՝ դժվար ժամանակաշրջանի, ցուցանիշի հետ, ապա այս տարվա տվյալները 50 տոկոսվ աճել են: 2019 թվականի հետ համեմատելով էլ տեսնում ենք, որ 50 տոկոսով զիջում ենք: Այսինքն՝ անելիքներ ունենք, որպեսզի 2019 թվականի շեմին հասնենք ու առաջ շարժվենք»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալը նշեց, որ ունենք հիմնական շուկաներ, որտեղից առավել շատ զբոսաշրջիկներ են գալիս՝ Ռուսաստան, Իրան, ԱՄՆ (այստեղից՝ հիմնականում սփյուռքահայերն են գալիս), Գերմանիա, Վրաստան, Ֆրանսիա: Կան նաև պոտենցիալ համարվող շուկաներ՝ Ուկրաինա, ԱՄԷ, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Իտալիա: Պոտենցիալ երկրների ուղղությամբ սկսվել է մարքեթինգային արշավ, իրականացվել են ճանաչողական այցեր, իրենց ճանաչված պարբերականներում տպագարվել են Հայաստանի մասին պատմող հոդվածներ:
«Հիմնականում հոսք դեպի Հայաստան նկատվում է Ռուսաստանից ու Իրանից: Նրանց հետաքրքրության դաշտում պատմամշակութային վայրեր այցելություններն են, գաստրո ուղղությունը, արկածային զբոսաշրջությունը: Հետաքրքրությունը կապված է զբոսաշրջիկի ցանկության հետ»,-ասաց Արթուր Խաչատրյանը: