Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցություններ է վարում երկրի դատախազության հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է Интерфакс-ը։
Գործակալության տվյալներով՝ գործարքը ենթադրում է քաղաքական գործչի կողմից կոռուպցիայի գործով իր մեղքի ճանաչումը։ Դրա փոխարեն կհանվեն մի շարք մեղադրանքներ և կմեղմացվի պատիժը (ազատազրկումը կարող է փոխարինել հասարակական աշխատանքներով)։ Սակայն Նեթանյահուն չի կարող առաջիկա մի քանի տարիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Հենց այդ պահանջն է, որ կարող է խոչընդոտ դառնալ բանակցություններում։
Կողմերի միջև համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մեկ շաբաթվա ընթացքում, հավելել է AP-ի աղբյուրը:
Բենիամին Նեթանյահուի դեմ երեք գործ է հարուցվել։ Նա մեղադրվում է կաշառակերության, խարդախության և վստահության չարաշահման մեջ։ Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Վերչապետի պաշտոնով պայմանավորված՝ նա քաղաքական անձեռնմխելիություն ուներ, սակայն վերջին ընտրություններում պարտվելը դատախազներին թույլ տվեց ընթացք տալ այդ գործերին։