«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է փոփոխություն կատարել օրենքում, ըստ որի՝ տարրական դասարանների բոլոր երեխաները, անկախ հանգամանքից` սովորում են պետական, թե ոչ պետական դպրոցում, գրքերը կստանան անվճար:
Հեղինակի տեղեկացմամբ՝ այսօր պետական դպրոցների տարրական դասարաններում սովորում է 150.000 երեխա, ոչ պետական դպրոցներում՝ ավելի քան 4.000:
Գլխադասային՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ նախագիծը վերացնում է առկա խտրական վերաբերմունքը: Պատգամավորը նշել է, որ Ազգային ժողովի նախորդ գումարման ընթացքում ևս հանձնաժողովը ստացել է բազմաթիվ բողոքներ՝ կապված դասագրքերի ձեռքբերման գործընթացում առկա անհավասարության հետ: Հասմիկ Հակոբյանը կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Հարակից զեկույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձրաձայնել է կառավարության դրական տեսակետը: Նա նշել է, որ գործադիրը ներկայացրել է առաջարկություն, որն ընդունվել է:
Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 17-ի ԱԺ նիստում: