2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն ընտրել է 13 նախագիծ, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Ավրորա» մրցանակի դրամական ֆոնդից և որը կկրկնապատկվի «Ավրորայի» համահիմնադիրների կողմից՝ հոգալու տեղի բնակչության կարիքները: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» նախագիծն այս փուլում 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրի արցախցիներին ուղղված ծրագրերին: Այս մասին տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժնից։
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվեց մարդու իրավունքների պաշտպան Ջուլիեն Լուսենգեին, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին: Մրցանակի շնորհման արարողությունն անցկացվեց 2021 թ. հոկտեմբերի 9-ին Իտալիայի Վենետիկ քաղաքի Սուրբ Ղազար կղզում: Դափնեկրի տրամադրած միջոցների և համահիմնադիրների ներդրման շնորհիվ «Ավրորան» հնարավորություն կունենա Արցախում աջակցելու տասներեք նախագծի, որոնք ուղղված են առողջապահությանը (6 նախագիծ), կրթությանը, մշակույթին և սպորտին (3 նախագիծ), սոցիալական զարգացմանը (2 նախագիծ), մարդասիրական օգնությանը (1 նախագիծ) և վերականգնմանը (1 նախագիծ)։
«Որտեղ կա պատերազմ, որտեղ կա հակամարտություն, այնտեղ միշտ կա մարդկային տառապանք: Բայց հայ ժողովուրդն ապացուցել է, որ նույնիսկ տառապանքի մեջ դու կարող ես գտնել ներշնչանք` օգնելու մարդկանց, որոնք անցնում են նման դժվարությունների միջով: Ես շատ շնորհակալ եմ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանն արժանանալու համար և ոգևորված, որ ունեմ հնարավորություն՝ օգնելու պատերազմից տուժած արցախցիներին»,- ասել է Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության և զարգացման կազմակերպության (SOFEPADI) և Կոնգոյացի կանանց հիմնադրամի համահիմնադիր Ջուլիեն Լուսենգեն: