ԱԺ շարունակում է աշխատանքները։
Նիստում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ընտրելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Արթուր Մանուկյանի թեկնածությունը:
Տեղեկացնենք, որ Արթուր Մանուկյանը ծնվել է 1970 թվականին, նա մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ ՔՊ պատգամավոր:
Արթուր Մանուկյանին չի գոհացնում այսօր հեռուստատեսության որակը։
Թեկնածուն իր ելույթում խոսեց մեդիադաշտի խնդիրներից։
«Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են ռուսերեն, անգլերեն մուլտեր: Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է, պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում»,- նկատեց նա։