Եվրամիության պատվիրակությունն առաջիկա օրերին Բաքու կժամանի՝ բանակցելու «Ուկրաինա ռուսական ներխուժման դեպքում Ադրբեջանից գազ մատակարարումների շուրջ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, հայտնել են Բրյուսելում EADaily-ի աղբյուրները։
Անցած շաբաթվա վերջին ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Քադրի Սիմսոնը կմասնակցի Ադրբեջանում և ԱՄՆ-ում փետրվարյան կոնֆերանսներին, որպեսզի քննարկի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման ուղիները: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ֆրանսիայում ԵՄ երկրների էներգետիկայի նախարարների հետ հանդիպումից հետո։ Ենթադրվում էր, որ Բրյուսելը բանակցություններ է վարում գործընկերների հետ գազի մատակարարման ավելացման հնարավորության շուրջ։
ԵՄ-ն հաջորդ շաբաթ բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի հետ, որպեսզի քննարկի Տրանսադրիատիկ խողովակաշարով Եվրոպա գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը: Այս մասին ավելի վաղ հայտնել է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Սիմսոնը Բաքվում կլինի հաջորդ ուրբաթ՝ մասնակցելու վաղուց ծրագրված նախարարական համաժողովին։ Բայց նա նաև մտադիր է բանակցություններ վարել Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ, որպեսզի ուսումնասիրի երկրի պատրաստակամությունը՝ Տրանսադրիատիկ խողովակաշարով ԵՄ-ին մատակարարումներն ընդլայնելու հարցում:
«Մենք ակնկալում ենք, որ այդ քննարկումները կենտրոնանալու են դեպի Եվրոպա գազի մատակարարման դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի դերի վրա», — նշել է լոնդոնյան պարբերականի զրուցակիցը: – Դա իր մեջ ներառում է Տրանսադրիատիկ խողովակաշարով դեպի ԵՄ գազի մատակարարումների ավելացման ներուժը ։ TAP-ի տարեկան հզորությունը ներկայումս կազմում է մոտ 10 մլրդ խմ, և Ադրբեջանը ԵՄ-ում կայուն և ավելի հուսալի մատակարար է»։