Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում զգուշավոր լավատեսություն կա, և մեկ այլ դարաշրջան է սկսվում։ Այս մասին այսօր «Վալդայ» ակուբում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Նրա խոսքով՝ ներկայումս պետք է ողջունել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով: Զասը նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումից և Ղարաբաղ խաղաղապահ զորակազմ մտցնելուց հետո իրավիճակը տարածաշրջանում կայունացել է, դադարել է արյունահեղությունը, սակայն լարվածության օջախները դեռևս մնում են, դրանք, որպես կանոն, առաջանում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
«Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով տեսել եմ այն ամենը, ինչ կատարվում է այնտեղ։ Ըստ էության, սահմանն այնտեղ, որպես այդպիսին, չկա, կա միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև շփման գիծ, հենակետեր, դիտակետեր, այս ամենը հողի մեջ է, ամեն ինչ բետոնապատված է, և այնտեղ պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասաց Ստանիսլավ Զասը՝ հավելելով, որ այդպես չպետք է լինի։
Այժմ, ըստ նրա, դրված է սահմանագծման և սահմանազատման խնդիր, որը նախատեսում է մեծ և բարդ ծավալի աշխատանքներ իրականացնել։ Այնուամենայնիվ, այդ աշխատանքի անցկացումը թույլ կտա էապես ամրապնդել ողջ տարածաշրջանի անվտանգությունը, նշել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: