Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն հայտարարել է Ալժիրի, Թուրքմենստանի և Ադրբեջանի հաշվին ռուսական գազից երկրի կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին։
«Ինչպես և մնացած Եվրոպայում, մենք աղբյուրների նեղ շրջանակից կախվածության խնդիր ունենք, հիմնականում՝ Ռուսաստանից։ Տարեսկզբին Մոսկվան գրեթե կրկնակի կրճատել է ուկրաինական երթուղով մեզ համար նախատեսված գազի հոսքերը։ Մեր էներգետիկ անվտանգության այս սպառնալիքը, հավանաբար նաև քաղաքական նկատառումներով թելադրված, հրատապ գործողություններ է պահանջում։ Մենք պետք է մտածենք միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի, էներգիայի վերականգնվող աղբյուրների մասին»,- РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտարարել է նա la Repubblica թերթին տված հարցազրույցում:
Փոխնախարարի խոսքով՝ նման գործընկեր է Ալժիրը, իսկ աղբյուրների դիվերսիֆիկացման համար կարևոր է Տրանսադրիատիկ գազամուղը (TAP), որով մատակարարվում է ադրբեջանական գազը:
Դի Ստեֆանոն հաստատել է, որ Իտալիան հուսով է, որ TAP-ի հզորությունը կավելանա մինչև 10 մլրդ խորանարդ մետր բնական գազ:
«Մյուս հեռանկարային ուղղությունը Թուրքմենստանն է, որը կարող էր միանալ TAP – ին Կասպից ծովում գտնվող խողովակաշարին», – հայտարարել է փոխնախարարը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Կասպից ծովը մտնում է «ռուսական ազդեցության գոտու» մեջ, և նրա հատակով գազատարի կառուցումը «մեզանից կախված չէ»։