Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատական սանկցիա է կիրառել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ, ովքեր այսօր դատական նիստը չավարտված, առանց դատարանի թույլտվության, լքել էին նիստերի դահլիճը։
Տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
«Մեզ յուրաքանչյուրիս 50 հազարական դրամ տուգանել է դատարանը։ Գրավոր որոշման տրամադրումից հետո կքննարկենք որոշման բողոքարկման հարցը»,-նշեց Խուդոյանը։
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հայտարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատաքննության մեկնարկի մասին։
Դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հրապարակվելուց հետ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ մեղադրանքը պարզ չէ և դրա վերաբերյալ պարզաբանումներ չստանալուց հետո լքեցին դատական նիստերի դահլիճը՝ ի նշան բողոքի։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառել, ինչը դատարանը բավարարել է։