Փետրվարի 24-ին կայացել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 2-րդ նիստը, որի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդես է եկել բացման խոսքով:
Նա նշել է, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության տիրույթի կարևոր ուղղություններից մեկը:
«Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերն արդի միջազգային հարաբերություններում, մենք մշտապես պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ խորհրդարանական տարբեր ձևաչափերում` տարածաշրջանային խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներին աջակցելու համար»,- ասել է Արշակյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2021 թվականի մարտի 1-ից գործողության մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար: «Կուզենայի մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Եվրոպական միության կողմից տրամադրվող նշանակալի ֆինանսական աջակցության համար, որն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասել է նա:
Արշակյանն անդրադարձել է նախորդ տարվա իրադարձություններին՝ ասելով, որ դրանք նոր իրականություն են ստեղծել մեր տարածաշրջանում և դրանից դուրս:
«2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն անդառնալի եղան մեզ համար: Այսօր մեր առջև կանգնած են անվտանգության մարտահրավերներ: Տարածաշրջանի խաղաղությունը վտանգված է, կայունությունը` փխրուն: Առավել վտանգավոր զարգացում է հանդիսանում ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք»,- նշել է Արշակյանը։
Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը, 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը, դրանց խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում` անվերապահորեն հրադադարի ռեժիմի պահպանումը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ վերադարձը կարող են պայմաններ ստեղծել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման համար: