Արևմուտքի հնարավոր տնտեսական սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ ուղղակի ազդեցություն կգործեն նաև Հայաստանի տնտեսության վրա։
Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է 1.2 մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ և տարբեր փոխանցումներ, որոնք իրական նշանակություն ունեն մեր տնտեսության համար։ Բացի այդ, Հայաստանը շատ սերտ արևտրատնտեսական հարաբերություններ ունի նաև ռուսական ընկերությունների հետ։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ-երկիր է, և դրանով պայմանավորված՝ հայ–ռուսական փոխադարձ առևտուրը վերջին տարիների ընթացքում անընդհատ ավելացել է։
«Այսինքն՝ եթե սահմանափակումների տակ ընկնեն ռուսական ընկերությունները, հետևաբար, հայկական ընկերությունները նույնպես արտահանման տեսանկյունից ևս լուրջ խնդիրներ կունենան և, եթե նվազի տնտեսական աճը Ռուսաստանում, կդանդաղի տնտեսական աճը նաև Հայաստանում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի համար Ռուսաստանը սպառման շուկա է»,- ընդգծեց տնտեսագետը։
Ըստ նրա՝ եթե Հայաստանից ԵՄ և այլ երկրներ արտահանում են հումքային նյութեր` պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլն, ապա Ռուսաստան արտահանվում է վերջնական արտադրանք, որն ավելի մեծ արդյունք է ապահովում Հայաստանի տնտեսության համար։
«Այսինքն՝ այն Հայաստանի տնտեսության համար որակական և քանակական տեսանկյունից շատ կարևոր արտահանման շուկա է»,- նշեց Պարսյանը։
Տնտեսագետը նաև նշեց, որ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով հիմնադրված մի շարք ընկերություններ՝ էներգետիկ, հանքաարդյունաբերության, սպասարկման և այլ ոլորտներում, որոնց սեփականատերերը կամ գլխամասերը գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։
«Եթե այդ ընկերությունների նկատմամբ սահմափակումներ կիրառվեն, ապա միանշանակ կկիրառվեն նաև հայկական՝ նրանց դուստր ընկերությունների նկատմամբ, այսինքն՝ Հայաստանը, ըստ էության, աննուղակիորեն կգտնվի սանկցիաների տակ»,- նշեց նա։
Պարսյանի կարծիքով՝ այս ամենը նկատի ունենալով՝ Հայաստանը պետք է հնարավորինս կարողանա կառավարել իր ռիսկերը, հնարավորինս փորձի նվազեցնի տնտեսական վտանգները, որոնք կարող են ի հայտ գալ այդ սանկցիաների հետևանքով։ Նրա խոսքերով՝ բնականաբար, բոլոր ռիսկերը Հայաստանը չի կարող նվազեցնել, քանի որ դրանք բավականին մեծ են, բայց կառավարությունը, ԿԲ-ն պետք է որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնեն՝ հնարավոր սանկցիաներից վնասները մեղմելու ուղղությամբ։