G7-ի երկրների ԱԳ նախարարները և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան առցանց հանդիպում են անցկացրել, որտեղ որոշվել է շարունակել Ուկրաինային պաշտպանական զենքի մատակարարումները: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Տրասը:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել պաշտպանական զենք և սարքավորումներ մատակարարել Ուկրաինային, խստացնել պատժամիջոցները, որպեսզի թուլացնենք ռուսական տնտեսությունը», – գրել է նա Twitter-ում:
Տրասը նաև նշել է Ուկրաինայի ինքնիշխանության լիակատար վերականգնման անհրաժեշտությունը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նշենք, որ ներկայումս պայմանավորվածություններ են ձեռք բերվում բանակցությունների սկսելու համար։