ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ս.թ. փետրվարի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այս մասին հայտնում է Արցախի ՔԿ-ն։
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակա տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դեռևս չպարզված հրազենից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքի քարահանքում հանքափորային աշխատանքներ իրականացնող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊԸ-ի երեք աշխատակիցների ուղղությամբ կրակահերթեր են արձակել։
Վերջիններիս թաքնվելու պատճառով իրենց կամքից անկախ հանգամանքներում դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու հանցագործությունն ավարտին չի հասցվել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33,103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: