Մյուս պետությունների տարածքային ամբողջականության հարցում Ուկրաինայի դիրքորոշումը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ չի ձևավորվել։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Նրա խոսքով՝ այս դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է, Կիևը միշտ հանդես է եկել Չինաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի և այլ պետությունների տարածքային ամբողջականության օգտին։
Դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր իր դիրքորոշումը չի հայտնում Ուկրաինայում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Այնուամենայնիվ, երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում 9 անդամներ «կողմ» են քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը, 13-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Հայաստանը։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը չաջակցեց Ռուսաստանին»,- ասաց Ավտոնոմովը՝ հավելելով, որ այս փաստը լավ ազդանշան է։ «Մենք հուսով ենք, որ այս դիրքորոշումը գոնե կշարունակվի»,- ընդգծել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ոչ միայն Անդրկովկասի երկիր է, այլև ամբողջ աշխարհի։ Ուկրաինայի հայերի միությունն արդեն իր դիրքորոշումն է հայտնել երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Հայերը գնում են տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ, օգնում ուկրաինական բանակին։ Մեր ֆեյսբուքյան էջում կարող եք տեղեկանալ, թե ինչպես են հայերն օգնում թոշակառուներին և կարիքավորներին»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ռուսներին ուղղված հեռուստաուղերձում նա ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Փետրվարի 24-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։