Թումոյի կրթական ծրագրի ընդլայնմանն ուղղված «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում փետրվարին Մարտակերտում բացվեց Արցախի առաջին Թումո տուփը, իսկ Ասկերան և Մարտունի քաղաքների տուփերի բացումը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Այս երեք տուփերը Ստեփանակերտի Թումո կենտրոնի հետ միասին կկազմեն կրթական ցանց։
Այս մասին «Արցախպրես»–ին տեղեկացրել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից:
Ըստ աղբյուրի` Մարտունիում, Ասկերանում և դրանց մոտակա բնակավայրերում ապրող 12-18 տարեկան բոլոր պատանիներն արդեն կարող են հերթագրվել Թումո ուսանող դառնալու համար:
Թումո տուփերում ուսանողներն անցնելու են կրթական ծրագրի ինքնուսուցման մասը, իսկ դասընթացներին ու աշխատարաններին մասնակցելու համար ուղևորվելու են Ստեփանակերտի Թումո կենտրոն։
Հերթագրվելու համար անհրաժեշտ է այցելել tumo.org կայքի «Գրանցում» բաժին կամ զանգահարել 010398413 հեռախոսահամարին:
«Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: