«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քնչչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում: Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ-ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ: Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։ Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են նախագահի պաշտոնի ստանձնումը հանդիսավոր դարձնելու համար, որպեսզի այդ պատմական իրադարձությունը «չկորի» օրվա լրահոսի մեջ, ինչպես նախագահի ընտրությունը ստվերվեց օբյեկտներում սեղաններին աղամաններն արգելելու եւ ռուս-ուկրաինական հակամարտության լուրերի արանքում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հասարակությանը «Գոլդեն փելիս» գերթանկարժեք հյուրանոցի գնումով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը նոր՝ ոչ պակաս աչքի ընկնող անշարժ գույք է ձեռք բերել։ Նա գնել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Ազատության պողոտայում գտնվող (Մոնումենտի բարձունքում) շքեղ առանձատունը։ Այն ճարտարապետությամբ նմանեցված էր ՀՀ Ազգային ժողովի շենքին: Գործարքն արվել է այս տարվա մարտի 1-ին։ Նալբանդյանի ընտանիքն առանձնատան համար վճարել է 48 մլն դրամ, մնացած մասը՝ 2․452 մլրդ դրամը, Նալբանդյանը մինչև օգոստոս կվճարի»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բնակարանի հարց լուծելով է զբաղված եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև հակառակորդը զանգվածային ոչնչացման ամենատարբեր միջոցներով թիրախավորում էր թե՛ զինվորականներին, թե՛ կամավորներին, թե՛ քաղաքացիական բնակչությանը, ԱԺ իշխանական պատգամավորը մտածել է՝ ինչպես արտոնյալ պայմաններով բնակարան ձեռք բերի»:
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում: