Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները։ Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ներկա փուլում կատարվում են հիմնականում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
«Համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։
Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատներից, որոնցից 14-ը` 2 սենյականոց, 30-ը` 3 սենյականոց, 16-ը` 4 սենյականոց և 4-ը` 5 սենյականոց»,-նշել է Մ. Դանիելյանը։
Նա նշեց, որ բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։