Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցում ենք էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ՝ բարեբախտաբար չեն գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը:
Հիշեցնենք, որ մարտի 8-ին Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։ Կատարված ուսումնասիրությունների և իրավապահ մարմինների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։