«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Օրենսդրությամբ հատուկ հանձնարարություններով դեսպանները նշանակվում են «միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով»: Ներկայումս Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք Հայաստանի իշխանություններն իրենց կադրային բազայով ի վիճակի չեն դիմագրավել: Ըստ այդմ էլ, մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է ուժեղացնել դիվանագիտական ճակատը, և այս տրամաբանության մեջ է եղել Էդմոն Մարուքյանի նշանակումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն այսպիսով փորձում է ի դեմս ԼՀԿ-ի ու Էդմոն Մարուքյանի ունենալ դաշնակից՝ ներքին դաշտում և «կռիվ տվող»՝ արտաքին ճակատում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի վերաբերյալ երեկ դատարանն անսպասելի որոշում կայացրեց՝ 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց։ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հրթիռների գործով ու մեղադրվում է շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու եւ այլ վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Այդ գործով կալանավորված են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Մուրադյանը։ Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։ Տեղեկություններ կան, որ Պատրոնին ազատել են, քանի որ տեւական ժամանակ է, կարելի է ասել, կասեցված է զենքի գնման գործընթացը՝ ոչ ոք չի կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Գալստյանին ստիպված են ազատել, որ, օգտվելով նրա կապերից, վերսկսեն ներկրումը։ Իսկ Դավիթ Տոնոյանի մասով իշխանության բարձր օղակներում երկաթե որոշում ունեն՝ նախկին նախարարին հնարավորինս երկար պահել կալանքի տակ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ Արցախը կանգնած է հումանիտար աղետի շեմին, եւ այնտեղ ապրող երեխաները զրկված են անգամ կրթություն ստանալու տարրական իրավունքից, ՀՀ ԱԺ պատգամավորները որոշել են հավաքվել տաքուկ անկյունում՝ Աղվերանում, քննարկում կազմակերպել կրթության մասին ու, ոչ ավել, ոչ պակաս, պատգամավորներ հրավիրել նաեւ Արցախից։ Արցախ գնալու, այնտեղ որեւէ կերպ օգտակար լինելու եւ խնդիրներին լուծում գտնելու փոխարեն՝ զբաղված են այլ նիստեր անելով։ Խոսքը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մասին է, որի անդամները նախ երկու օր նիստ կանեն Երեւանում, ապա 18 եւ 19-ին կմեկնեն Աղվերան»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։