Գերագույն ռադան երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության գործողության ժամկետը մինչև 2022 թվականի ապրիլի 25-ը։ Ինչպես փոխանցում է interfax.ru-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Նրա խոսքով՝ երկրում ռազմական դրության գործողության երկարաձգումը պայմանավորված է օրինագծով, որի օգտին քվեարկել է 343 ժողովրդական պատգամավոր: Ուկրաինայում ռազմական դրություն է սահմանվել փետրվարի 24-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված հեռուստաուղերձում ասել է, որ հանգամանքները «պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ․ Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»։
Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։