Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ փետրվարի վերջին, մարտի սկզբին են այցելել Բաքվում պահվող հայ գերիներին։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ հստակեցնելով, որ խոսքը Բաքվի կողմից գերեվարման փաստը հաստատված բոլոր գերիների մասին է։
Նա հայտնեց, որ առանձնազրույցների ձևով տեսակցություններ են եղել բոլոր գերիների հետ։ «Մեր պատվիրակները առանձին կերպով առանձնազրույցներ են ունեցել բոլոր գերիների հետ, նրանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգերի միջոցով հարազատների հետ կապ հաստատել, ինչպես նաև փոխանակել նամակներ»,- նշեց Ամատունին՝ հավելելով, որ նամակները, ինչպես նաև ձայնագրված տեսաուղերձներն արդեն փոխանցվել են նրանց ընտանիքներին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը հստակեցրեց, որ այցերի հիմնական նպատակն է վերահսկել գերեվարվածների պահման պայմանները, վերաբերմունքը նրանց նկատմամբ։ «Ցանկացած նկատառում, ինչպես նաև բոլոր բովանադակային հարցերը մենք քննարկում ենք միայն պատկան մարմինների հետ, դրանք հանրայնացման ենթակա չեն»,- նշեց նա։