Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետանոց առաջարկների մեջ անընդունելի կետ, ըստ էության, չկա, այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին արտացոլում բանակցությունների ողջ օրակարգը։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ Միրզոյանի՝ հայկական կողմն այդ առաջարկները լրացրել է հայկական կողմի օրակարգային հարցերով և դրանք ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ-ին։ «Համանախագահող երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ այդ առաջարկները հրապարակային ներկայացվել են։ «Հնարավոր չէ քննարկել որևիցե օրակարգ, որում արցախահայության իրավունքների հարցը ներառված չէ»,- շեշտեց Միրզոյանը։
Նա ընդգծեց, որ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամը բավականին բարդացրել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքները՝ ընդհուպ մինչև համատեղ քննարկումների մակարդակի հարցերը։