ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հակառուսական բանաձև է ընդունել Ուկրաինայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ, հայտնում է РИА новости – ն:
Բանաձևի համահեղինակներն են մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Գերմանիան, Լիտվան, Լատվիան: Փաստաթուղթը պատրաստվել է այն բանից հետո, երբ Մեքսիկան և Ֆրանսիան չկարողացան հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իրենց բանաձևի ընդունմանը։ Բանաձևի օգտին քվեարկել է 140 պետություն, ձեռնպահ է մնացել 38-ը, դեմ են եղել Բելառուսը, Էրիթրեան, ԿԺԴՀ-ն, Ռուսաստանը և Սիրիան:
Ձեռնպահ քվեարկողների թվում են Հայաստանը, Ալժիրը, Չինաստանը, Կենտրոնա- աֆրիկյան Հանրապետությունը, Կուբան, Եթովպիան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալին, Նիկարագուան, Պակիստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը, Տաջիկստանը և մի շարք այլ երկրներ:
Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևում ասվում է, որ այն «պահանջում է անհապաղ դադարեցնել ՌԴ-ի ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ»: Հեղինակները պնդում են, որ «Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի ռազմական հարձակումը և դրա հումանիտար հետևանքները հասնում են այն մասշտաբների, որոնք միջազգային հանրությունը տասնամյակներ շարունակ չի տեսել Եվրոպայում»: Բացի այդ, տեքստում կոչ է արվում կատարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարտի 2-ին ընդունված բանաձևը (դրանում Ռուսաստանին կոչ են արել դադարեցնել հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում և դուրս բերել զորքերը):