Ամերիկյան The New York Times պարբերականի գինու և ռեստորանային քննադատ Էրիկ Ասիմովը հրապարակել է հոդված խաղողի քիչ հայտնի 10 տեսակների մասին, որոնք արժանի են ավելի լայն տարածում ունենալու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ցուցակում է հայտնվել նաև հայկական «Արենի» տեսակի խաղողը:
Ասիմովը նշում է, որ առհասարակ Կովկասը շատերը համարում են գինու առաջացման վայրերից մեկը: Նա ընդգծում է, որ թեպետ այս տարածաշրջանում կան խաղողի տասնյակ տեսակներ, որոնք արժանի են ավելի լայն ճանաչման, սակայն հատուկ առանձնացնում է հայկական «Արենի»-ն: «Այս կարմիր խաղողը ես մի քանի անգամ փորձել եմ, և ամեն անգամ այն ապշեցուցիչ լավն էր»,- նշում է նա՝ ընդգծելով հայկական խաղողի այս տեսակի նրբագեղ համը:
Էրիկ Ասիմովը նշում է, որ ինչպես հայկական «Արենի»-ն, այնպես էլ մի շարք այլ խաղողի տեսակներ Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Հունաստանից, անարդար կերպով քիչ հայտնի են սեփական տարածաշրջաններից դուրս, մինչդեռ այդ տեսակներից պատրաստվող գինիներն անչափ համեղ են ստացվում: