Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել Փառուխ գյուղի հատվածում ավելացնել իր ռեզերվային ուժերը՝ Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար։
Այս մասին հայտնում է Peacekeeper Telegram-ալիքը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ։ Հաղորդվում է, որ ներկայում բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: