Երեկ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախի ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է հայկական կողմի առաջարկին, նաև թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակներին։
«Եթե շատ մեղմ բնութագիր տանք իշխանության գաղափարներին, բառապաշարին, խոսույթին, ապա աբսուրդի թատրոն է, կատարյալ խեղկատակություն։ Ի դեպ, մեր կողմից խաղաղության օրակարգի մասին հայտարարելուց բացի, հայտարարում են նաև, թե անգամ Ադրբեջանն է պատրաստ խաղաղության։ Չգիտեմ՝ սա տկարամատության արդյունք է, թե կոդավորումն այդպես է տրված եղել դեռ 2018-ին։ Արձանագրենք նաև, որ իշխանությունները խաղաղության օրակարգի մասին խոսել էին դեռևս պատերազմից առաջ»,- ասաց Դեմոյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ իշխանությունները խաղաղության օրակարգի մասին հայտարարել էին դեռ պատերազմից առաջ՝ շեշտելով, թե «խաղաղության օրակարգն այլընտրանք չունի»։
«Իսկ «այլընտրանք չունի» արտահայտությանն Իլհամ Ալիևը պատասխանեց պատերազմով։ Իրենք այսօր նույն ոգով են շարունակում ու ասում, որ պատերազմն այլընտրանք չունի։ Իսկ իշխանություններն այս անգամ ոչ թե մեզ են ուզում ստորացնել՝ պարտադրելով այդ խաղաղության ցնորամիտ օրակարգը, այլ որպես փաստաբաներ՝ հանդես են գալիս Բաքվի կողմից՝ ասելով, թե նաև Բաքուն է խաղաղության մասին հայտարարել։ Մինչդեռ Բաքուն գործով է ցույց տալիս, որ իրենց համար խաղաղության օրակարգն ընդհանրապես հետաքրքիր չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ նա նաև ընդգծեց․ «Փորձենք հասկանալ, թե որոնք են նման հայտարարությունների պատճառները։ Պատերազմը և դրա հետևանքնե՞րը, մեծագույն վա՞խը։ Վախ, որ նոր լարվածության արդյունքում կարող են կորցնել իշխանությունը և պատժվել, որովհետև իրենց գործողությունները, հայտարարությունները և քայլերը ենթակա են խստագույն պատժի։ Կարծում եմ՝ այստեղ ուրիշ հանգամանքներ ևս կան։ Իշխանությունները, որոնք, թերևս, նաև օբյեկտիվորեն նախկին իշխանություններին մեղադրում էին իրականությունից կտրվելու մեջ, այսօր չեն գիտակցում, որ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին։ Չեն գիտակցում նաև, որ ունակ չեն հանրության շրջանում ապահովել խիստ անհրաժեշտ մոբիլիզացիոն ռեսուրս, որովհետև իրենք այլևս չունեն այն հենքը, որն ունեին 2018-ին։ Այն բաժանարար գծերը, որոնք տարան իրենց իշխանությունն ապրապնդելու, իրենց աբսուրդի հասնող օրակարգերն առաջ տանելու համար, բերում են իրենց տրամաբանական հետևանքին։ Հենք չունենալու վերջնարդյունքը պարզ է ինձ համար։ Իրենք հավերժ չեն ու շատ կարճ ժամանակում հեռանալու են իշխանությունից, բայց հարց է՝ այն ուժերը, որոնք իրենց բերել են իշխանության, թույլ կտա՞ն, որ այս մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ»։
Խոսելով թուրք-ադրբեջանական տանդեմի՝ այս փուլի նպատակների մասին՝ Հայկ Դեմոյանը շեշտեց․ «Օրակարգի պարզագույն ու ակնհայտ նպատակը հնարավորինս առավելագույնը կորզելն է թե՛ Արցախի Հանրապետությունից, թե՛ բուն ՀՀ-ից։ Կորզել այն, ինչ հնարավոր է մասնավորապես այն պատուհանի առկայության դեպքում, որը կա Հայաստանի ներկա իշխանությունների դեպքում․ ներկա իշխանությունները թե՛ Բաքվի, թե՛ Անկարայի երազած պատուհանն են։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն իր այդ նպատակի ճանապարհին օգտագործում է բոլոր մեխանիզմները՝ ապատեղեկատվության տարածում, նաև շանտաժ, վախեցնելու փորձեր։ Ինչու, որովհետև իրենց օրակարգը պատվիրատուներ, հովանավորներ ունի, իսկ մեր կողմից կուրորեն առաջ մղվող խաղաղության օրակարգը չունի։ Լսե՞լ եք որևէ մեկն աջակցություն հայտնի Հայաստանի՝ խաղաղությանը միտված ջանքերին։ Կան պարզապես ստանդարտ, հերթապահ ձևակերպումներ»։