Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրությունները մտահոգություն են առաջացնում, ՄԱԿ-ը ողջունում է դրա նվազեցմանն ուղղված ջանքերը։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է համաշխարհային կազմակերպության քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի ներսում և շուրջ լարվածության մասին հաղորդագրություններով։ Մենք ողջունում ենք եռակողմ ձևաչափով ապաէսկալացմանն ուղղված ջանքերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», – ասել է նա։
Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Ադրբեջանական ուժերը մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղի ունեցած մարտերի ընթացքում ՊԲ 3 զինծառայող է զոհվել։
ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին: