Վրաստանը անթույլատրելի է համարում Ռուսաստանի կազմում Հարավային Օսիայի ընդգրկվելու մասին հանրաքվեի անցկացման մասին խոսակցությունները, քանի որ տարածքը «այժմ օկուպացվել է Ռուսաստանի» կողմից, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է РБК-ն։
«Անթույլատրելի է քննարկել որևէ հանրաքվե, քանի դեռ Վրաստանի տարածքը օկուպացված է Ռուսաստանի կողմից»,-ասել է Զալկալիանին: Նրա խոսքով՝ նման պայմաններում հանրաքվեի արդյունքները ոչ մի իրավաբանական ուժ չեն ունենա։ Նա հավելել է, որ տարածաշրջանի շատ բնակիչներ հեռացել են։
Զալկալիանին նաև հայտարարել է, որ կառավարությունը թույլ չի տա «Վրաստանին սադրանքների մեջ ներքաշել» և 2008 թվականի ռուս-վրացական զինված հակամարտության «սարսափելի հետևանքների» կրկնությունը: Նրա խոսքով՝ Վրաստանը մտադիր չէ ուժ կիրառել «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար», և մնում է «խաղաղ դեօկուպացիայի» կողմնակիցը:
Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսի 26-ին, համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ և կարծում է, որ տարածաշրջանները օկուպացված են Ռուսաստանի կողմից։