Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, որով կլուծվի խոշորացված համայնքների ՏԻՄ կառավարման խնդիրը:
ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը, Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են նաև վաղաժամ դադարեցնել օրենքով միավորված համայնքի ավագանու լիազորությունները, եթե ավագանու առաջին նիստը չի գումարվում լիազորությունները ստանձնելուց քսան օրվա ընթացքում:
Այն համայնքներում, որտեղ ինչ-որ պատճառով համայնքապետեր չեն ընտրվում, հնարավորություն է տրվում վարչապետին պաշտոնակատարներ նշանակել:
Նախագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից մի քանի առաջակներ են ստացվել, որոնք մերժվել են։
Ըստ Հովակիմյանի՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների առաջարկում էր սահմանափակել համայնքի պաշտոնակատարի նշանակման հարցը։
«Իրենք քաղաքական նպատակահարմարության հարց էին դնում։ Սա ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված օրենսդրական նախաձեռնություն է, այլ՝ խոշորացված իրավիճակներում ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվելու դեպքում խնդիրը կարգավորվի»,- ասաց Հովակիմյանը։