«Օսկարի» սկանդալային միջադեպից հետո դերասան Ուիլ Սմիթը հայտարարել է ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը։
«Ես հրաժարվում եմ Կինեմատոգրաֆիական արվեստների և Գիտությունների Ակադեմիային անդամակցելուց և կընդունեմ ցանկացած հետագա հետևանքները, որոնք Խորհուրդը նպատակահարմար կհամարի», – ասված է Սմիթի հայտարարության մեջ:
«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ իմ գործողությունները ցնցող էին, ցավոտ և աններելի։ Նրանց ցուցակը, ում ես վիրավորել եմ, երկար է, և այն ներառում է Քրիս Ռոքը, նրա ընտանիքը, իմ շատ սիրելի ընկերներին ու սիրելիներին, արարողության բոլոր ներկա հյուրերին և ամբողջ աշխարհից ժամանած հանդիսականներին: Ես դավաճանել եմ ակադեմիայի վստահությունը», – ընդգծել է դերասանը։
Նրա կարծիքով՝ ինքը «զրկել է մյուս թեկնածուներին և հաղթողներին միջոցառումը նշելու և նրանց ականավոր աշխատանքի համար պարգատրվելու հնարավորությունից»:
Նշենք, որ լավագույն վավերագրական ֆիլմի համար պարգևի հանձնումից առաջ արարողության հաղորդավար, կատակերգու Քրիս Ռոքը անտեղի կատակել է Սմիթի կնոջ՝ դերասանուհի Ջադա Փինկետ Սմիթի հետ կապված: Նա տառապում է ալոպեցիայից, և կատակերգուն նրան համեմատել է «Զինվոր Ջեյն»-ի հետ՝ ճաղատ գլխի պատճառով: Դրանից հետո Սմիթը բեմ դուրս եկավ և ապտակ տվեց կատակերգուին, ինչպես նաև արգելեց նրան արտասանել իր կնոջ անունը։
Ավելի ուշ դերասանը հրապարակային ներողություն է խնդրել Քրիս Ռոքից։