Ես սահմանային հետախուզական տվյալների մասին ոչինչ չասեմ, սակայն դուք գիտեք, որ թե՛ Պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստում, թե՛ Կառավարության նիստում ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ներկայացրեց մտահոգությունները, խնդիրները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա նշեց, որ վերջին շրջանում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները, որոշակի լարվածության միտումը որոշակի մտահոգության տեղիք է տալիս։
Լրագրողների հարցին, թե ՌԴ խաղաղապահների թվաքանակի ավելացման մասին ի՞նչ զարգացում կա, նախարարն ասաց․
«Ինչի մասին որ հայտարարություններ արվել են, արդեն իսկ շրջանառվել են, բնականաբար, եթե դրան ի պատասխան լիներ ՌԴ-ի կողմից որևէ առաջարկ թվաքանակ ավելացնելու, դուք կիմանայիք։ Այսօր ամեն ինչ տեղեկատվության մակարդաով տրամադրվում է»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ իրավիճակը Փառուխում շարունակում է մնալ նույնը՝ կայուն լարված։
Ինչ վերաբերում է պատերազմի հնարավորությանը, ապա Սարգսյանն ասաց, որ ամեն պահի էլ կարող է մեծանալ էսկալացիայի վտանգը, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է։
Խոսելով նիստի ժամանակ սկիզբ առած հարցադրման մասին, թե ինչո՞ւ լարված իրավիճակում ՀՀ-ն չունի ԳՇ պետ՝ Սարգսյանն ասաց, որ գեներալ Քոչունցն ունի օրենքով լիազորված բոլոր լիազորությունները և լծակները։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրավել են Արցախի Փառուխ գյուղը և հարակից մի քանի շրջաններ։ Հետագա առաջընթացը կասեցվել է խաղաղապահների միջամտության արդյունքում։ Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները առաջխաղացման հերթական փորձն են ձեռնարկել։ Մարտի 27-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Փառուխ գյուղից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այս տեղեկությունը։
Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն դիրքերում՝ Փառուխ գյուղին հարող Քարագլուխ բարձունքում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են լրացուցիչ միջոցներ ձեռնարկել պաշտպանական գծերն ամրապնդելու և հակառակորդին զսպելու համար։