Այսօր՝ ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի կունենա հանրահավաք «Հանուն Արցախի և Հայաստանի» խորագրով:
Խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։
Ըստ նրանց՝ իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում և պետք է ընթացքը կասեցնել։
Հենց այս նպատակով էլ նրանք բոլորին՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի առաջնորդներին կոչ են անում մասնակցել հանրահավաքին՝ խոսելու Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակից, մարտահրավերներից, լուծման հնարավոր տարբերակներից։
Armenia Today-ը զրուցել է տարբեր կուսակցությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու, թե մասնակցելու են այսօրվա հանրահավաքին։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք մասնակցելու են հանրահավաքին՝ անկախ նրանից՝ ովքեր են կազմակերպիչները։
Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած կուսակցությունն Արցախյան հարցի պայքարի ակունքներում է կանգնած։
«Մենք հստակ գիտակցում ենք, թե ինչի համար ենք հավաքվում։ Այս պարոնն (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) Արցախի հարցում որևէ բան անելու լիազորություն չունի։ Մեր կուսակցությունը պատրաստ է նաև մասնակցելու հետագայում նախատեսվող գործողություններին»,- նշեց նա։
Արամ Սարգսյանի խոսքով՝ հայտարարել են, որ պետք է իրենց բողոքը հայտնեն ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման դեմ, որպեսզի հնարավոր որևէ փաստաթուղթ չստորագրվի։
«Եթե անգամ որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, այլ հայտարարություն է արվում, դա մեր վիճակն ավելի է բարդացնում։ Ինքը երևի մոռացել է, որ Արցախի բոլոր բնակիչները ՀՀ քաղաքացիներ են և ունեն ՀՀ անձնագրեր։ Սրանով արդեն իսկ Արցախն Ադրբեջանի կազմում չէ։ Արցախը միջազգային տեսանկյունից սուբյեկտ է, այն դուրս է եկել Ադրբեջանի կազմից՝ իր տարածքով, բնակչությամբ և իշխանություններով, որոնք պետականության էլեմենտներ են՝ անկախ նրանից ճանաչված է, թե՝ ոչ»,- նշեց նա։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ նշեց, որ չեն միանալու խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքին, քանի որ իրենց համար անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության օրակարգը:
Իսկ «Ազգային համաձայնության» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը հայտնեց, որ ինքը ներկա է լինելու։
«Հայաստանում այսօր կա մեկ օրակարգ, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է և կանխելն է ազգակործան քաղաքականությունը»,- եզրափակեց նա։