Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց էր ներկայացրել։ Այս մասին հաղորդել է Ermenihaber-ը։
Թուրքական մամուլի համաձայն՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 1մլն թուրքական լիրա (շուրջ 68․012 ԱՄՆ դոլար) է պահանջում՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Պատճառն այն էր, որ մարտի 22-ին Քըլըչդարօղլուն խորհրդարանի ամբիոնից Էրդողանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել: Էրդողանի հասցեին նա մասնավորապես ասել էր․ «Դու տնտեսագետ չես, եթե լինես էլ, ապա առնվազն կլինես «5-անոց խունտայի» հարկահավաքը։ Դու ժողովրդի փողի վրա աչք տնկած հարկահավաք ես»։
Քըլըչդարօղլուն, ի պատասխան իր դեմ բացված դատական գործի, Тwitter-ում գրառում է արել։
«Պարոնը (Էրդողանը-խմբ.) նեղվել է և իսկույն վազել դատարան։ Մեր երկրում հարկահավաքին հարկահավաք են կոչում, խունտային՝ խունտա։ Այստեղ վիրավորվելու ոչինչ չկա։ Տեսեք, Թուրքիայի լեզվագիտական ընկերությունն ի՞նչ է ասում։ «Այն անձը, ով պատասխանատու է ինչ-որ անձի կամ կազմակերպության համար գումար հավաքելու համար, կոչվում է հարկահավաք»: Ամոթն այն է, որ դա հանրության համար անելու փոխարեն արվում է «5-անոց խունտայի» համար։ Հարգելի անձնավորություն, մեր երկրում հարկահավաքին տնտեսագետ չեն անվանում։ Մի՛ վիրավորվիր»։
Նշենք, որ «5-անոց խունտան» քաղաքական տերմին է Թուրքիայում, որը շրջանառության մեջ է դրվել ընդդիմության կողմից։ «5-անոց խունտա» ասելով՝ նկատի են առնվում Թուրքիայի իշխանամերձ ամենախոշոր 5 ընկերությունները, որոնք գրեթե միշտ հաղթում են պետության կողմից հայտարարված մրցույթները (տենդեր)։ Դրանք են՝ «Cengiz», «Limak», «Kolin» ընկերությունները, «Kalyon Գրուպը», «Makyol Գրուպը»։