Էստոնիան արտաքսում է ՌԴ 14 հյուպատոսական աշխատակիցների, փակում Նարվայում ՌԴ հյուպատոսությունը և Տարտուի հյուպատոսական բաժինը: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Էստոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Էստոնիայի ԱԳՆ-ը կանչել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Լիպաևին և նրան բողոքի նոտա հանձնել։
«Էստոնիան նաև որոշել է երկրից արտաքսել 14 հյուպատոսական աշխատակիցների, որոնցից յոթն ունեն դիվանագիտական կարգավիճակ։ Նրանց պերսոնա նոն գրատա են հայտարարել»,- հայտնել են երկրի ԱԳՆ-ում։
ԱԳՆ փոխկանցլեր Մյարտ Վոլմերը նշել է, որ նշյալ անձինք Էստոնիայից պետք է հեռանան մինչև ապրիլի 30-ը:
Վոլմերը հայտարարել է, որ Ռուսաստանը լրջորեն խախտում է միջազգային իրավունքը, այդ թվում՝ իր միջազգային պարտավորությունները, և ներկա իրավիճակում չի կարելի խոսել նորմալ հարաբերությունների վերսկսման մասին։
Հիշեցնենք, որ այսօր Իտալիան հայտարարել է 30, իսկ Դանիան՝ 15 ռուս դիվանագետի արտաքսման մասին։