Վարչապետն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Ակնհայտ է, որ մեր երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև կա ավելի սերտ համագործակցելու երկուստեք ցանկություն, որը համոզված եմ՝ բխում է մեր ժողովուրդների ավելի սերտ համագործակցելու և գործակցելու ցանկությունից: Եվ հույս ունեմ, որ մենք բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններով ու ակտիվությամբ այդ ցանկությունը կկարողանանք ինստիտուցիոնալ ձևով արտահայտել մեր երկու երկրների հարաբերություններում: Կրկին ողջունում եմ և շատ ուրախ եմ այս հանդիպման համար»:
Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Ես ուզում եմ արտահայտել իմ խորին հարգանքը Ձեր և հայ ժողովրդի նկատմամբ, ովքեր այսպիսի ոգով հետևում են Ձեզ: Ինչպես Դուք նշեցիք, այսօր հայ-վրացական հարաբերությունները շատ սերտ են: Այն առանձնահատուկ երևում է վարչապետների մակարդակով: Եվ այս այցով ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել, որ ինչպես վարչապետների, այնպես էլ խորհրդարանների նախագահների միջև այդպիսի սերտ հարաբերություններ կան: Մենք քննարկել և զրուցել ենք այն մասին, որ այս հանդիպումները, այս հարաբերությունները լինեն ոչ միայն պաշտոնական, այլև բարեկամական խմբերի, հանձնաժողովների և աշխատակազմերի մակարդակով: Եվ մենք զրուցել ենք նաև այն մասին, որ այսօրվա դրությամբ, երբ տարածաշրջանն այսպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, կարողանանք ամեն ինչ անել տարածաշրջանում երկարատև խաղաղություն ստեղծելու համար»:
Շալվա Պապուաշվիլին հավելել է, որ Հայաստանն ու Վրաստանն այս տարի նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը, որը լավ առիթ է երկու երկրների բարեկամությունն ու համատեղ բազմադարյա պատմությունը ևս մեկ անգամ վերարժևորելու համար:
Հանդիպմանը զրուցակիցները անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, Հարավային Կովկասում, ինչպես նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: